Ռադիո և հեռուստատեսություն

Ուսումնական նախագիծ։ Թեմա՝ ռադիո և հեռուստատեսություն

Ռադիո

Ձայնափողը սարք է, որը մարդու խոսելու ժամանակ առաջացած ձայնական տատանումները վերածում է փոփոխական թույլ հոսանքի՝ էլեկտրական ազդանշանների, իսկ ռադիոհաղորդիչն այդ էլեկտրական ազդանշանները վերածում է հզոր ռադիոալիքների, որոնք անընդհատ հոսքով, որոշակի հաճախությամբ (կոչվում է կրող հաճախություն) ալեցիրով սփռում է տարածության մեջ՝ բոլոր ուղղություներով։  Այդ ալիքները լույսի արագությամբ հավասարապես տարածվում են և՛ մթնոլորտում, և՛ անօդ տարածության մեջ։  Ռադիոն հաղորդալարերի կարիք չունի։ Ռադիոհաղորդումների ունկնդիրների թիվն անսահմանափակ է, որովհետև մեծ հեռավորությունները ռադիոալիքների համար խոչընդոտ չեն։ Ռադիոկապը կիրառվում է կյանքի բոլոր ոլորտներում։ Շտապ օգնության, ոստիկանության և հրշեջ մեքենաների անձնակազմերը, տաքսու վարորդներն օգտվում են երկկողմ ռադիոկապից։ Բջջային հեռախոսները նույնպես ռադիոյով կապված են գլխավոր հեռախոսակայանի հետ։

Եվ վերջապես, հեռուստատեսությունն օգտագործում է ռադիոալիքները՝ պատկերի և ձայնի հաղորդման համար։ Ռադիոյով հաղորդվող ազդանշան-հրամանների օգնությամբ ճարտարագետները կառավարում են միլիոնավոր կիլոմետրեր հեռու գտնվող սարքերի աշխատանքը։ Այդպես էին կառավարվում և՛ լուսնագնացը, և՛ Վեներայի ու Մարսի վրա վայրէջք կատարած միջմոլորակային ինքնաշխատ կայանները։

Հեռուստատեսություն

Հեռուստատեսությունը տարածության վրա պատկերներ հաղորդելու եղանակ է: Հեռուստապատկերները մեկը մյուսի հետևից արագորեն իրար հաջորդող առանձին պատկերների՝ կինո և հեռուստաֆիլմերի շարժապատկերներ են: Յուրաքանչյուր հերթական պատկեր կամ կադր թեթևակիորեն տարբերվում է նախորդից, բայց մեր աչքերը չեն կարողանում նկատել արագ շարժվող կադրերի փոփոխման պահը, և ուղեղն այդ հերթափոխվող կադրերն ընկալում է որպես շարժվող պատկերներ: Յուրաքանչյուր հեռուստատեսային կադր կազմված է հարյուրավոր հորիզոնական գծերից, իսկ յուրաքանչյուր տողում կան հարյուրավոր գունավոր շերտեր: Սակայն մենք այդ չենք նկատում, մեր աչքը դրանք ընկալում է որպես ամբողջական պատկեր: Հեռուստախցիկը ներսից լուսազգայուն համակարգ է, որը տող առ տող լուսածրում է կադրը: Հեռուստախցիկը որոշում է, թե որքան կանաչ, կարմիր ու կապույտ լույս կա յուրաքանչյուր շերտում, և այդ տեղեկությունը ծածկագրում է էլեկտրական ազդանշանով:

Կան հեռուստատեսության մի քանի տեսակներ, օրինակ՝ թվային հեռուստատեսությունը։ Թվային հեռուստատեսության համակարգում հեռուստաազդանշանները ծածկագրվում են թվերի տեսքով, որի արդյունքում պատկերներն ստացվում են չափազանց հստակ: Մոտ ապագայում ողջ հեռուստատեսությունը կդառնա թվային, և հնարավոր կլինի հեռուստապատկերները, ինչպես կինոյում, հեռապատկերել էկրանի վրա:

Պլազմային հեռուստացույցների էկրանը կազմված է հազարավոր փոքրիկ բջիջներից, որոնք լցված են հատուկ գազով՝ նեոնաքսենոնային խառնուրդով: Երբ այդ բջիջների վրա ընկնում է էլեկտրական ազդանշան, գազային խառնուրդի մասնիկները լիցքավորվում են (պլազմա) և սկսում են լուսարձակել կարմիր, կապույտ ու կանաչ գույներով: Այդ գունավոր տարրերից՝ փիքսելներից էլ կազմվում է էկրանին երևացող պատկերը: Պլազմային հեռուստացույցի էկրանի պատկերներն ավելի հստակ են, գույները՝ ավելի վառ, և չկան սովորական հեռուստացույցի էկրանի վրա երբեմն հայտնվող թրթռացող գծերը (աղավաղումները): 

Оставьте комментарий